Ըստ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ն աննախադեպ է: «Բոլորս միակարծիք ենք՝ այս իշխանությունները պետք է հեռանան: Ավելի կարևոր է՝ հետո ինչ պետք է լինի: Եթե իշխանափոխությունը 2 տարի էլ ուշանա, ի՞նչ է մնալու մեր երկրի տնտեսությունից»,- ասաց պատգամավորը:
Նա համոզված է, որ եթե նույնիսկ երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները լավը լինեին, միևնույն է հասարակական ընդվզումներ կլինեին: Պատճառն այն է, որ գլխավոր խնդիրը Հայաստանում մարդու նկատամբ իշխանության վերաբերմունքն է: Ըստ Մ. Մելքումյանի, մարդն արհամարհված է մեր երկրում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Իսկ եթե չկա վստահություն, անիմաստ է խոսել որևէ ներդրումների մասին: Ինչպե՞ս վարվել: Առաջացել է կոլապսային վիճակ: Գլխավոր խնդիրներից է նաև աղքատության վերացումը: Նորմալ բիզնես դնել մեր ներքին շուկայի հիման վրա, անհնար է: Ներքին պահանջարկը պետք է խթանել: Մենք կողմնակից ենք, որ փողի զանգվածը կտրուկ ավելանա, որը մեզ մոտ 30 տոկոս է»,- նշեց ԲՀԿ պատգամավորը: