Այսօրվա դրությամբ, մայրաքաղաքի մի շարք մթերային խանութներում ապրանքների գները տարբեր են: Analitik.am-ը շրջայց կատարեց մի քանի խանութներում և պարզեց, որ , ենթադրենք, կարագը կամ շաքարավազը տարբեր խանութներում տարբեր գին ունեն, ինչն ապացուցում է, որ այս առևտրի կետերի սեփականատերերն ապրանքները գնահատում են ըստ իրենց ցանկության:
Օրինակ, ձեթի միջին գինը որոշ խանութներում 750 էր, որոշներում` 820, Շաքարավազի գինը շատ խանութներում նույնիսկ 390 դրամով էր վաճառվում, իսկ որոշներում ` դարձյալ պահպանվել էր 400-420 դրամը:
Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Արզնի» խանութում, օրինակ, ապրանքներն համեմատաբար ավելի թանկ էին` «Ավեդով » ձեթը 900 դրամ էր, մինչդեռ ուրիշ խանութներում 800-ով էր վաճառվում:
Նույնը կարելի է ասել շաքարավազի մասին, այստեղ` 430 էր, մինչդեռ այլ խանութներում այն տատանվում էր 370-400-ի սահմաններում:
Գնային այս զգալի տարբերության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ խանութի տնօրինությունից, սակայն վաճառողն ասաց, որ տեղում չէ: Վերջինս այդ հարցի շուրջ տվեց իր բացատրությունը. «Ամեն ինչ թանկացել է, եթե դոլարի նախկին կուրսը վերականգնվի, գները կիջնեն…ոնց ասել են, էնպես էլ անում ենք»:
Հետո ավելացրեց, որ թանկացրած ապրանքները, քանի որ տնտեսվարողը գնել է դոլարի բարձր փոխարժեքով, թանկ են վաճառվում /ի դեպ, նշենք, որ նշված ապրանքները, երկու օր առաջ, կրկնակի գնով էին վաճառվում/:
Քաղաքացուհի Անուշ Հայրապետյանը, ով վերոնշյալ խանութից էր դուրս գալիս, իր զարմանքը հայտնեց, որ թեև երեկվանից սկսել է նվազել դոլարի փոխարժեքը, բայց չգիտես ինչու խանութներում ապրանքների բարձր գները մնացել են նույնը:
Հ.Գ. Թե ինչ անականկալ է սպասվում հայ սպառողին Նոր տարվա շեմին, առայժմ հայտնի չէ, բայց կանխատեսելի է: Կանխատեսումներն էլ տխուր են: Դրամի արժեզրկման և ապրանքների գների կտրուկ բարձրացումից խուճապահար քաղաքացիները դեռ երեկ բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք կառավարությունից պահանջում էին մինչև դեկտեմբերի 23-ը ձեռնարկել հրատապ միջոցառումներ`առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչ ճգնաժամային մակարդակին բերելու համար։ Նրանք նշում էին, որ այս պահանջը չիրականացնելու դեպքում կոչ են անելու բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։
Սակայն, երևի թե իմաստ էլ չունի սպասել, կարելի է ուղղակի ազգովի գնումներ չկատարել նույն օլիգարխներին պատկանող սուպերմարկետներից՝ թեկուզ մեկ տարի մեզ զրկենք Ամանորյա «շքեղ» սեղանից, բայց ցույց տանք, որ չենք թողնի այսչափ անխիղճ ձևով վնասել մեր գրպանին:
Հասմիկ Մովսիսյան