Հասարակություն 

«ԴԵՄ ԵՄ»-ի անդամները Ֆինանսների նախարարությունից պահանջում են կատարել ՍԴ որոշումը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները «Դեմ եմ» գրությամբ դրոշներով և պաստառներով այսօր՝ ապրիլի 9-ին, հավաքվել են Ֆինանսների նախարության մոտ՝ պահանջելու  փոխել կուտակային կենսաթոշակների վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևը՝ չպարտադրելով գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պահել 5% վճարը, եւ վերադարձնել մինչեւ հիմա քաղաքացիներից պահված գումարները։ 


Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել, քանի որ ըստ որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի՝ իր սեփականության իրավունքով աշխատակիցը կարող է թույլ չտալ իրենից գանձել 5%  պարտադիր վճարը, սակայն միեւնույն է, չվճարման դեպքում գործատուն տույժից չի ազատվում։


«ԴԵՄ ԵՄ»-ի անդամները հայտարարել են, որ եթե Ֆինանսների նախարարությունը կես ժամվա ընթացքում իրենց դրական պատասխան տա, իրենք կավարտեն ակցիան, հակառակ դեպքում երթով կգնան  կառավարություն, ապա ՊԵԿ, ԿԲ եւ Կենտրոնական դեպոզիտարիա։


Նշենք նաև, որ ՊԵԿ-ը նախորդ օրը հայտարարել էր, որ Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու եւ մշակելու, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում եւ փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետեւաբար, ՊԵԿ-ը  Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին կարող է անդրադառնալ միայն Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելուց հետո:


Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք դրույթներ: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ տվեց  խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Որոշումից մեկ օր անց սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակային օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Նույն շարքից