Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրել է ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Դեսպան Սմբատյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։