ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կհանդիպի փետրվարի վերջին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի և միջուկային հարցի շուրջ Փհենյանի գլխավոր բանակցողի հանդիպումից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարությանը:
Նշվում է, որ ուրբաթ օրը Թրամփը բանակցություններ է վարել ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլի հետ։
«Նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Յոնգ Չոլի հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Քննարկվել է միջուկային զինաթափման և փետրվարի վերջին կայանալիք երկրորդ գագաթաժողովի վերաբերյալ հարցեր: Նախագահն ակնկալում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, հանդիպման վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասել է Սանդերսը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցավ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այնուհետև, Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել է: