Հասարակություն 

Դպրոցներում աշակերտների բացակայությունները չեն գրանցում, որ ֆինանսավորումը չպակասի. ՄԻՊ

Դպրոցներում աշակերտների բացակայությունները չեն գրանցում, որ ֆինանսավորումը չպակասի: Այս մասին նշված է ՄԻՊ-ի 2015-ի թվականի զեկույցում, որտեղ անդրադարձ կա նաեւ այն փաստին, որ կրթությունից դուրս մնալու հետեւանքով խախտվում են երեխաների կրթության իրավունքը, իսկ վերջիններիս հայտնաբերման եւ ուղղորդման կառուցակարգերը արդյունավետ չեն:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է.

«Քաղաքացիների հայտնած տեղեկությունների, մամուլում տեղ գտած նյութերի վերլուծությունից պարզ է դառնում, որ դեռեւս բազմաթիվ են երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերը:

Նշյալ դեպքերում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառներն են երեխայի կրթություն ստանալու նկատմամբ ծնողների ոչ բարեխիղճ վերաբերմունքը, վատ սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը , երեխաների բացակայություններին իրավասու անձանց ուշ արձագանքելը, նախկինում տարբեր պատճառներով նույն դասարանում մնացած աշակերտների սովորելու ցանկության բացակայությունը, նման դեպքերում ծնողներին պատասխանատվության չենթարկելը, երեխաներին սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների մեջ ներգրավվելը, իսկ առանձին էթնիկ խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը:

Սակայն խնդիրն այն է, որ հանրակրթական դպրոցներում դեռեւս չկան արդյունավետ մեխանիզմներ նման դեպքերը http://news.am/arm/videos/2573.html  ժամանակին հայտնաբերելու եւ համապատասխան պատասխանատու մարմիններին ուղղորդելու համար:

Դպրոցների ուսուցիչները հաճախ անփութություն են ցուցաբերում դպրոցական մատյաններում դպրոց չհաճախող երեխաների բացակայությունների գրանցման, դրանց պատճառները պարզելու, համայնքի ղեկավարին, խնամակալության եւ հոգաբարձության մարմնին դեպքի վերաբերյալ տեղեկացնելու հարցում:

Խնդրահարույց է նաեւ, որ չկան համայնքային մակարդակում այս հարցը կարգավորող մեխանիզմեր, որոնք թույլ կտային նշված խնդիրը արդյունավետ կերպով վերհանել եւ ուղղորդել միջգերատեսչական լուծումներ գտնելու նպատակով:

Ողջունելի է, որ խնդրի լուծման նպատակով Նախարարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համապատասխան համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա հավաքագրել բացակայությունների վերաբերյալ համապատասխան տվյալները, ինչպես նաեւ կապահովի համագործակցություն կրթական եւ սոցիալական ծառայությունների միջեւ երեխային դպրոց վերադարձնելու նպատակով:

Միաժամանակ, ըստ որոշ աղբյուրների` տարեկան մոտ 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը, ինչը խնդիր է երեխաների շարունակական կրթությունն ապահովելու տեսանկյունից:

Դպրոցից դուրս մնացած երեխաների կամ պարտադիր կրթություն չստացողների թվի վերաբերյալ հավաստի եւ իրական տվյալների ձեռքբերման առումով դժվարություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ հաճախ կոնկրետ դպրոցում հաշվառված երեխաների թիվը կարող է հաճախող երեխաների թվից ավելի լինել:

Պատճառն այն է, որ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ուստի ուսուցիչները հաճախ աշակերտների բացակայությունները օբյեկտիվորեն չեն գրանցում: Նույն խնդիրը առկա է նաեւ ներառական եւ հատուկ դպրոցներում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցը ստանում է 3-4 անգամ ավել ֆինանսավորում, քան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների համար:

Առաջարկ. ստեղծել եւ ներդնել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մեխանիզմ, ինչպես նաեւ կանոնակարգել միջգերատեսչական համագործակցությունը` ուղղվված այդ երեխաների խնդիրներին երկարաժամկետ լուծումներ ապահովելուն:

Նույն շարքից