Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը չափազանց և անընդունելի է անվանել թուրքական դատախազության մեղադրականը, որում պահանջվում է ցմահ ազատազրկման դատապարտել կալանքի տակ պահվող երկու լրագրողի։
Այդ մասին հայտնել է կազմակերպության մամլո ծառայությունը։ Միյատովիչը հայտարարել է, որ խորապես մտահոգ է Ջան Դյունդարի ու Էրդեմ Գյուլի համար պահանջվող պատժի վերաբերյալ՝ կապված նրանց աշխատանքի հետ. «Դա չափազանց է և անընդունելի»։
Չորեքշաբթի Ստամբուլի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին։
Վերջիններս լրագրողական հետաքննություն էին անցկացրել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ, և այժմ մեղադրվում են լրտեսական գործունեության մեջ։