Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մտքեր հնչեցրեց... Համաձայն եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն ստանձնի, կիսում եմ իր մոտեցումը, որ մարդ պետք է ձգտի համապատասխան հմտություններ ունենալ, որպեսզի կարողանա հաջողության հասնել, բայց մի կարևոր խնդիր կա...
Հայաստանի բնակչությունը բաժանված է մի քանի շերտերի. Մի մասը կրթություն է ստացել, աշխատել ԽՍՀՄ տարիներին, այս մարդկանց մոտեցումները տարբեր են, ինչքան էլ փորձեն հարմարվել կապիտալիզմի կանոններին, ոչ բոլորի մոտ դա կարող է լիարժեք ստացվել, մյուս մասը կրթություն է ստացել, աշխատել նորանկախ Հայաստանում, երբ դեռ հստակ չէր ոչ մի խաղի կանոն, այսպես ասած, կրթվում և աշխատում էին ով ինչպես կարող էր և նոր սերունդը, որը կրթություն է ստացել և աշխատում է արդեն քիչ, թե շատ հարաբերական կայացած Հայաստանում, սակայն կրթվել և աշխատել է նախորդ երկու խմբի ներկայացուցիչների ազդեցության ներքո...
Այսինքն, երբ խոսում ենք որակյալ աշխատուժի, հանրության պատասխանատվության, հմտությունների և այլնի մասին, պետք է հասկանալ, թե ինչ տիպի մարդկանցից է բաղկացած մեր հասարակությունը, այդ մարդկանց հնարավոր չէ մի օրում ասել՝ վերջ, այսուհետ դուք ոչ թե մտածում եք այնպես, ինչպես ամբողջ կյանքում եք մտածել, այլ բոլորովին այլ կերպ...
Փաստացի ՀՀ-ում կան բազմաթիվ գործազուրկ մարդիկ, ովքեր չունեն համապատասխան գիտելիք, կրթություն, հմտություններ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ունեն վերոնշյալը, բայց աշխատանք չունեն: Ի՞նչ անել այն մարդկանց հետ, ովքեր գործազուրկ են, բայց ունեն թերի գիտելիքներ, ոչ բավարար հմտություններ: Այդ մարդկանց ասենք՝ գնացեք լեզու սովորեք, կրթություն ստացեք, որ աշխատե՞ք, եթե աշխատանք չեք գտնում, ուրեմն դուք եք մեղավոր, մի բան սխալ եք անում: Լավ, այդ մարդիկ չեն կարող չապրել, հաց չուտել առանց աշխատանքի, որ կարողանան նորից կրթվել, գիտելիք ձեռք բերել:
Իմ պատկերացմամբ, պետության նպատակն է, որ նման մարդկանց համար պայմաններ ստեղծվի, կարողանալ այնպես անել, որպեսզի նույնիսկ ոչ մի հմտություն չունեցող մարդն աշխատի՝ օգուտ տալով թե ինքն իրեն , թե հասարակությանը, թե պետությանը: Եթե ամեն մեկն ինքն է մտածելու, թե ինչպես է իրեն գրավիչ աշխատող դարձնելու, իր պայմանները ոնց է բարելավելու, այդ դեպքում զուտ տնտեսական հարցերի կարգավորման տեսանկյունից պետության իմաստը ո՞րն է...