Եթե մարդը ծանր սոցիալական իրավիճակում կարողանում է 20-25 քառակուսի մետրանոց շինություն կառուցել, որպեսզի ընտնիքն այնտեղ ապրի, բնականաբար ես հնարավորինս աջակցում եմ, ոչ մի խնդիր չունեմ, սակայն երբեմն բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր: Եթե դուք իմ տեղը լինեք, չեք ասի՞ հավաքվի ու գնա գրողի ծոցը: Այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ խոսելով Երևանում ապօրինի կառույցների մասին:
Մեսչյանի խոսքերով, բավարար է տեսնել ապօրինի կառուցված շենքերը և միանգամից հասկանում ես, թե դրա սեփականատերը որտեղ է աշխատել՝ հարկայինում և այլն. «Ինչպես կարելի է առանց ոչ մի բանի օրինականացնել: Բնականաբար նրանք պետք է որոշակի գումար վճարեն իրենց ապօրինության համար: Ես իմ խոստումը կատարելու եմ, վատ սոցիալական պայմաններում գտնվող բնակչության մասով խնդիրներ չկան, նրանց աջակցելու ենք»:
Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ շատ լկտի, սարսափելի բաներ են արվում. «Հիշո՞ւմ եք, որ այն կառույցը քանդվեց, որ աղմուկ բարձրացավ: Դրանից հետո ապօրինի շինարարությունները բավականին պակասեցին: Բայց ասեմ, որ մենակ դա չի քանդվել, էլի կառույցներ կան: Հիմա էլ եմ ասում, մի՛ արեք ապօրինի շինարարություն, եկեք դիմեք, թույլ տանք, գնացեք արեք, ինչո՞ւ եք կրակը գցում ձեզ»: