Հասարակություն 

Եթե իմ տղան լպրծուն լիներ, այսօր ողջ կլիներ, նրան սպանողի ձեռքերը պետք է հրապարակում կտրեն. Սևազգեստ մայր

 

Սևազգեստ մայրերը կրկին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ: Նրանք պահանջում են լուծում տալ իրենց հարցերին, գտնել նրանց, ում պատճառով մահացել են իրենց որդիներն ու պատժել վերջիններիս:

 

«Ինչ-որ մի հատ վիճվածք իմ երեխու կյանքը խլել է, սպանել է: Արդեն 9 տարի անցել է, որևէ մեկը պատասխան չի տվել: Ես հավի ճուտ չեմ կորցրել, պայքարելու եմ մինչև վերջ: Ով իմ երեխու կյանքը խլել է, պետք է պատասխան տա, պետք է բերեն հրապարակում ձեռքերը կտրեն: Ծնողը պարտավոր չէ 18 տարի պահել որդուն ու ինչ-որ մի հատ վիժվածք սպանի նրան»:

 

Սևազգեստ մայրը հայտարարեց, որ հպարտ է իր որդու մայրը լինելու համար. «Հետախույզ տղա եմ ունեցել: Նա տղա է եղել: Ոմանք իրենց երեխեքից ամաչում են: Իսկ ես հպարտ եմ սև բերետավոր տղա ունենալու համար: Իմ տղերքն իսկական տղերք են»:

 

Մայրը վիրավորված է այն արտահայտություններից, թե իրենք իրենց որդիների նկարներով են ման գալիս. «Ես հպարտ եմ, որ նա իսկական տղա էր: Նա ազգի համար դոշ տված կանգնած է եղել: Նա շոպլիկ չի եղել: Եթե նա լպրծուն լիներ, այսօր ողջ կլիներ: Բա ո՞ւմ նկարներով պետք է ման գանք, եթե ոչ մեր որդիների»:

 

 

Նույն շարքից