Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ ձեռքբերում է համարում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը և հերքում է բոլոր հայտարարություններն այն մասին, որ հանրապետությունում ճնշում են ռուսախոսներին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ այդքան լավ վերաբերվեն ռուսաց լեզվին և ռուսական փառահեղ մշակույթին, որքան Բելառուսում։ Մենք ռուսաց լեզուն պետական դարձրինք այն ժամանակ, երբ նույն Ռուսաստանին և ռուսներին ստորացնելը նորմալ էր հետխորհրդային տարածքում»,-ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ ռուսերենը երեք ազգերի՝ ուկրաինացիների, բելառուսների և ռուսների ունեցվածքն է, ինչպես նաև այլ ազգերի, որոնց հետ ապրել են մեկ երկրում։
Նրա խոսքով՝ «Բելառուսում խաղաղությունը խաթարելու փորձեր քիչ չեն եղել, սակայն դրանք բոլորը ձախողվել են»։
«Այսօր պնդում է հայտնվել, թե մեզ մոտ սկսում են ճնշել ռուսներին և ռուսերենը։ Դրանից մեծ հիմարություն մտածել հնարավոր չէր։ Եթե մենք կորցնենք ռուսաց լեզուն, մենք կզրկվենք խելքից»,- ասել է նա։