Բնական է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է անել հնարավորն առավելագույն քվեներ ստանալու համար: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ով խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ ցուցակը:
Սարգսյանի խոսքերով, Փաշինյանը պետք է փորձի ապացուցել, թե որքան բարձր վարկանիշ ունի իր գաղափարախոսությունը. «Մենք պետք է փորձենք հասկանալ տակը մնացող ձայների որ տոկոսը կարող է վերցնել ընդդիմադիր հիմնական ուժը լինելու հայտ ներկայացնող կուսակցությունը: Մենք դրա համար պայքարելու ենք: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա էլ անելու է: Ցավոք սրտի, այսօր այլընտրանք թողնված չէ, կա երկու ուժ և նրանց միջև պետք է լինի ընտրությունը»:
Սարգսյանը հայտարարեց, որ տեսնում է ուժեր, որոնք կարող են ունենալ տարբեր ռեսուրսներ. «Ես տեսնում եմ հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ուզենալ այդ ուժերից որևէ մեկին մի փոքր թաքուն կամ բացահայտ սատարել, որպեսզի ունենա իրեն հարմար ընդդիմություն խորհրդարանում: Վեճը մի բանի մասին է՝ մենք խորհրդարանում ունենալու ենք մեկ բևեռ, թե՝ բանավեճ: Ես կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ ազնիվ է, մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, որովհետև նա անձամբ այլընտրանք պետք է որ չտեսնի իրեն որպես բանավեճի գործընկեր խորհրդարանում: Եթե նա դա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն: Ընտրությունն իրենն է և մեր ժողովրդինը»: