Քաղաքական 

ԵՄ-ն աջակցում է համանախագահների առաջարկած բոլոր սկզբունքներին

Եվրոպական միությունը լիովին աջակցում է 1994թ. կնքված զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի  վերջին հայտարարությանը:

 

Այս մասին նշված է ԼՂ վերաբերյալ Եվրամիության հայտարարության մեջ:

 

Հայտարարությունում նաև ասվում է.

 

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախևառաջ բնակչության համար:

 

Եվրոպական միությունը խորապես մտահոգված է մնում շփման գծի երկյանքով զինված պատահարների վերաբերյալ տվյալներով և զոհերի մեծ թվի պահպանմամբ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր հավանական գործողություններից: Այդ նպատակով մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել զինադադարը, որի պարտավորությունը նրանք կրում են` շփման գծի երկու ուղղություններով ներխուժումները դադարեցնելու համար, և զսպվածություն պահպանել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ իրենց հրապարակային հայտարարություններում: Եվրոպական միությունը կոչ է անում կողմերին հավելյալ ջանքեր և միջոցներ գործադրել` զինադադարի և խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ:

 

Եվրոպական միությունն այս առիթով վերահաստատում է իր լիակատար աջակցությունը համանախագահներին` նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական, արդարացի և ամուր կարգավորմանը, ինչը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար: Մենք հրավիրում ենք կողմերին դեպի երկխոսության կառուցողական ուղի և խրախուսում ենք նրանց` համանախագահների ջանքերն ավելի արդյունավետ օգտագործելու:

 

Եվրոպական միությունը կրկին իր աջակցությունն է հայտնում առանց բացառության բոլոր սկզբունքներին` առաջարկված Ֆրանսիայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից 2009-2013թթ. Իրենց արված հայտարարություններում: Ամենաբարձր մակարդակով երկխոսության վերականգնման համատեքստում մենք աջակցում ենք անցած նոյեմբերին համանախագահների` կողմերին արված կոչին` զբաղվելու դեպի խաղաղության համաձայնագիր տանող կառուցողական և բարեխիղճ բանակցություններով:

 

Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման համար` վստահության միջոցների զարգացմամբ և ստեղծմամբ` ի աջակցություն Մինսկի խմբի և նրա հետ լիակատար համագործակցությամբ, աջակցել խաղաղության հասնելուն նպաստող հետագա քայլերին:

 

Առիթից օգտվելով` ԵՄ-ն ողջունում է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Կասպրշիկի և նրա թիմի կողմից, երբեմն անվտանգության բարդ պայմաններում, իրականացված աշխատանքը: Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս առանց խոչընդոտնի նրանց գործունեության` Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շփման գծում զինադադարի մոնիտորինգի շարունակությանը»:

 

Նույն շարքից