Հասարակություն 

ԵՊՀ Արհմիության բաց նամակը ՀՀ վարչապետին` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների հետ կապված

Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահության 2014թ. սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել են 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխության հետ կապված մի շարք խնդիրներ: Տեղի ունեցած մտքերի փոխանակման արդյունքում նախագահությունը միաձայն որոշել է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացնել ԵՊՀ կոլեկտիվի մտահոգությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով՝ սոցիալական վճար կատարելու պարտավորությունից հրաժարվելու անհնարինության վերաբերյալ։

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունից հայտնում են, որ բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, 

Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ոչ պետական ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտավորությունից: 

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին: Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից: Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ: 

ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա:  

Միաժամանակ ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է, որ սահմանված կարգը չի տարածվում ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, և բուհերի կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ բուհերի աշխատողների համար, ինչի արդյունքում ՊՈԱԿ հանդիսացող բուհերից տեղի է ունենում երիտասարդ մասնագետների արտահոսք: 

Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ եթե ՀՀ որևէ մի բուհ պետք է ունենա հատուկ կամ արտոնյալ կարգավիճակ, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի առանձնահատուկ կարգավիճակը սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Նախագահի հրամանագրով: 

Մեծարգո´ պարոն վարչապետ, 

Ներկայացնելով ԵՊՀ կոլեկտիվի ներկայացուցիչների մտահոգությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր: Վստահ եմ, որ որպես ԵՊՀ խորհրդի անդամ Ձեզ նույնպես մտահոգում են վերահիշյալ խնդիրները»: 

 

Նույն շարքից