ԵՊՀ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը ժամը 11:00-ից ԵՊՀ-ում սկսելու է խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի պաշտոնանկության հարցն է:
Նրանք նշեցին, որ իրենց հերթական ակցիան ևս կմեկնարկի այդ ժամանակ:
Նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանը նշեց, որ իրենց տեղեկությունները, որ խորհրդի անդամների վրա ճնշում կա, թերևս հաստատվեց, քանի որ այսօրվա շրջայցի ժամանակ իրենց չհաջողվեց խորհրդի անդամներից ոչ մեկին տեսնել ու ճշտել:
Մալյանն ասաց, որ օրվա ընթացքում պատրաստ է հանդիպել խորհրդի այն անդամների հետ, ովքեր ցանկություն կունենան իր հարցերի պատասխանները տալու. «Եթե ապօրինություններ չկան, թող այդ ամենը պարզ ու թափանցիկ լինի, իսկ եթե ոչ, ուրեմն սա 37 թվին հարիր գործունեություն է»:
ԵՊՀ-ում նման ապօրինություններ են տեղի ունենում, քանի որ բուհը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար չի փոխանցել: Նման ենթադրություն ունի Նարեկ Մալյանը, ուստի նախաձեռնել է դրամահավաք, որպեսզի բուհի անունից գումար փոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին: Մալյանը մի արկղ էր առանձնացրել և հորդորում էր մանրադրամներ գցել արկղի մեջ, որպեսզի դադարեցնեն հետապնդել բուհին:
Նշենք նաև, որ Նարեկ Մալյանը հայտարարեց այն մասին, որ կան հաստատված փաստեր առ այն, որ Ջորջ Սորոսի կողմից որոշ մարդիկ գումարներ են ստացել և այդ գումարների դիմաց տարբեր տեսակի ցույցեր են անում՝ հանրային կարծիք ձևավորելու համար: