Տեսանյութեր Հասարակություն 

Ես այսօր տեսել եմ, թե ինչպես է կառավարության անդամներից մեկը ծխում ու ծխախոտը շպրտում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներից պահանջում է մեխանիզմներ գտնել ՀԴՄ չտրամադրող սուբյեկտներին հայտնաբերելու ու պատժելու համար: Նրա կարծիքով, այդ խնդրի լուծմանը հասնելու համար կարելի է շարժվել երթևեկության կանոնների խախտումների համար պատժելու օրինակով՝ քաղաքացիների տեսաձայնագրությունների հիման վրա պատժել ՀԴՄ չտվողներին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, դա կարող է խնդրահարույց լինել, սակայն հիմա քննարկվում է ՊԵԿ տեսուչներին համապատասխան տեսախցիկներով զինելու հարցը, որպեսզի նրանց կողմից տեսաձայնագրությունները բավարար լինեն տուգանելու համար:

Արդարադատության նախարարի կարծիքը ստացավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աջակցությունը, ում խոսքերով, այստեղ անձնական տվյալների խնդիր կա:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքում, թե ինչպես կլուծվի հարցը, ինքը քաղաքական խնդիր է դնում, այն պետք է լուծվի՝ ՀԴՄ չտվողները պետք է պատժվեն. «Քաղաքացին պետք է լծակ ունենա գործընթացին մասնակցելու համար»:

Վերոնշյալը վերաբերում է ոչ միայն ՀԴՄ-ներին, այլ նաև օրինակ ծխախոտ գցողներին. «Ի՞նչ պետք է անի մարդը, երբ տեսնի, որ ինչ-որ մեկը ծխախոտ է նետում փողոցում: Մինչև ոստիկանություն կանչի, ոչ ծխախոտը կլինի, ոչ էլ նետողը: Ես օրինակ այսօր տեսել եմ, թե ինչպես է կառավարության աշխատողներից մեկը մեքենան կանգնեցրել կառավարության դիմաց, ծխել, ծխախոտը շպրտել: Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ, սակայն ինչ պետք է անի քաղաքացին, նա էլ պետք է գործիք ունենա: Վարչապետը չպետք է լուսամուտից նայի, թե ինչ է կատարվում»:

Նույն շարքից