«Ամոթ այն մարդկանց, ովքեր ստեղծում են այս ինտրիգը, կանգնած են այս ինտրիգի հետևում և փորձում են ստի ու կեղծիքի միջոցով բացասական ազդեցություն թողնել իմ անվան և հեղինակության վրա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տեղ գտած այն լուրերը, որոնց համաձայն` այն ընկերությունը, որից ՀԷՑ-ը աստղաբաշխական գումարներով ավտոմեքենաներ է վարձակալել, պատկանում է իր բաջանաղին, և ինչ կապ ունի ինքն այդ ընկերության հետ:
«Ինչ վերաբերում է իմ և բաջանաղիս հարաբերություններին, ապա ասեմ, որ ես բաջանաղիս հետ հազվադեպ եմ հանդիպում՝ առիթից առիթ, ընդհանրապես տեղյակ չեմ նրա գործունեությունից: Դա նույնն է, որ ման գաք և իմ բարեկամների, ընկերների, հարևանների շրջապատում գտնեք մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում և համարեք, որ ես մասնակցություն ունեմ դրանում: Առհասարակ լինի դա իմ բաջանաղը, թե իմ եղբայրը, եթե չարաշահում է կատարվել, օրենք է խախտվել, ապա պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության»,- նշեց Ա.Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ նման լուրեր տարածող մարդիկ պետք է հասկանան, որ իր ղեկավարած կառույցը մեծ ազդեցություն չունի ՀԷՑ-ի գործունեության վրա, քանի որ այդ գործունեությունը կարգավորվում է պետության կողմից: Բացի այդ, ըստ նրա, առանձին պետական մարմին կա, որը զբաղվում է այս ոլորտով:
«Սակայն անցած տարի մեր Հանձնաժողովը ընդառաջ գնալով մի շարք քաղաքացիների բողոքներին, խոշոր դրամական տուգանք նշանակեց ՀԷՑ-ի նկատմամբ և պարտավորեցրեց կատարել քաղաքացիների պահանջները»,- նշեց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ Հանձնաժողովը իր լիազորությունների առավելագույն սահմանը օգտագործելով է նման որոշում կայացրել ՀԷՑ-ի նկատմամբ:
Ա.Շաբոյանը նաև ասաց, որ իր շրջապատի բոլոր մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, տեղյակ են իր անձնական շփումներից, այս խոսակցություններին ծիծաղով են վերաբերվում:
«Այդուհանդերձ, ես ցավում եմ, որ կարող են մարդիկ լինել, որոնք կարդան որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած և աբսուրդի հասնող այս լուրերը, և ինչ-որ տեղ հավատան դրան»,- ասաց Արտակ Շաբոյանը: