Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվելու են միջազգային պատվիրակությունների առավել մեծ ներկայացվածությամբ, քան Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումները: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սա բնական ցավ է, որ վերապրել է հայությունը և ողջ մարդկությունը, և բոլորը շատ լավ հասկանում են, որ իրականում զուտ մարդկային տեսակի և արժեքների գնահատման առումով ճիշտ է լինել հայ ժողովրդի կողքին»,- նշեց պատգամավորը:
Նա նկատեց, որ մյուս կողմից էլ Թուրքիայի հետ քաղաքական շահերն են թելադրում որոշ պետությունների իրենց գործողություններն իրականացնելու հարցում:
«Ես Գալիպոլին համարում եմ ձախողված միջոցառում, որովհետև դրա իրական նպատակն էր ստվերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն այդ գործընթացը նոր ուժգնություն և նոր թափ է հավաքում միջազգային հարթակներում և կարող է շատ արագ ու անակնկալ դրսևորումներ ունենալ շատ պետությունների և հատկապես Թուրքիայի համար»,- ընդգծեց Զաքարյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում ապրիլի 22-23-ը Հայաստանում նախատեսված է անցկացնել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորում:
«Ֆորումին հրավիրված են մասնակցելու 500-ից ավել խորհրդարանականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ, միջազգայնագետներ ու տարբեր պաշտոնյաներ: Երկօրյա այդ ֆորումի ընթացքում բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ լուսաբանելու են այն: Ֆորումի ընթացքում քաղաքական և հասարակական բոլոր ուղերձներն ուղղվելու են միջազգային հանրությանը:
Փորձելու ենք ամբողջացնել և ունենալ նաև վերջնական հռչակագիրը: Մե ք ունենք 40-ից ավելի երկրներից պատվիրակություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ակտիվ մասնակցել ֆորումի աշխատանքներին»,- ասաց Զաքարյանը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա ֆորումն էական նշանակություն է ունենալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: