Մենք էլ ենք աշխարհի մի մասը: Եթե աշխարհը քննարկում է իր խնդիրները, Հայաստանը, լինելով աշխարհի մի մասը, պետք է նախ գիտակցի, թե աշխարհում ինչ է կատարվում: Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, նախ պետք է հասկանանք, թե այսօր աշխարհում ինչ է կատարվում: Եթե ուզում ենք, որ մեր երկիրն առաջ գնա ու շատ ավելի լավը լինի 20-30 տարի հետ, ինչը ուզում ենք, պետք է գիտակցենք, թե որտեղ է լինելու աշխարհը 20-30 տարի հետ: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Դիլիջանում այսօր մեկնարկել է Մտքերի հայկական գագաթնաժողովը:
Սարգսյանի խոսքերով, հասկանալու համար, թե որտեղ է աշխարհը, ուր է գնում ու որտեղ է լինելու այդ աշխարհը, մեկնարկած գագաթնաժողովը շատ կարևոր է. «Բացի դրանից, պետք է հասկանալ, թե ինչ պետք է անել, ինչպես դա անել: Դրա համար կարևոր է, որ աշխարհը մեզ լավ ճանաչի, մենք էլ աշխարհին լավ հասկանանք: Այդ իմաստով այս համաժողովն առաջին անգամ Ֆրանսիայից դուրս է եկել ու եկել է Հայաստանը: Սա մեծ արժեք է ներկայացնում: Ֆորմատը փակ է, մարդիկ ազատ արտահայտում են իրենց մտքերը: Իհարկե այդ մտքերն ու գաղափարները կարող են դուրս գալ»:
Սարգսյանը նշեց, որ նպատակ ունի համաժողովը դարձնել ամեն տարվա, որը դժվար է օինելու, սակայն դժվար էր նաև այն Հայաստան բերելը:
Հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց համոզել, նախագահը նշեց, որ ինքը համոզելու մի քանի գաղտնի ձև գիտի, հետո կբացատրի այդ մասին: