Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Բինալի Յըլդըրիմը վերջերս հյուրընկալվել է հայկական նոր հեռուստաալիքներից «Luys TV» եթերում, որի ընթացքում խոսել է Ստամբուլի հայ համայնքի սեփականության հարցի մասին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն հայտարարել է, որ իրենց քաղաքական իշխանության օրոք համայնքային կառույցներին վերադարձվել են սեփականության իրավունքով պատկանող 1029 շենք:
Յըլդըրիմի խոսքերով, Ստամբուլում գործում են կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզմանոցներ, որոնցից 16-ը պատկանում է հայերին:
Նա նաև ասել է, որ մի ժամանակ նա ապրում էր Ստամբուլի Կուրտուլում թաղամասում, հայերի կողքին:
«Մենք ունեինք հայ հարևաններ: Նստում էինք միասին և չէինք զգում ոչ մի անհանգստություն, մենք ապրում էինք մեկ ընտանիքի պես»,-ասել է նա։
Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակը կրկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, որ Թուրքիայում ապրում է 100 հազար հայ: