Վազգենն իմ ճանաչած ամենառոմանտիկ մարդն էր, ամենահամեստ մարդն էր, սիրում էր ծաղիկներ հավաքել, սիրում էր մորը, հարսներին, երեխաների ծննդյան օրը բարակ, սիրուն, ոչ թանկարժեք մատանիներ նվիրել, տուն էր գալիս ծաղիկներով: Ազատության հետ զրույցում նշել է Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, եղբայրը երբեք չի նշել ծննդյան օրերը. «Հիմա կասեր՝ ծնունդ-մնունդ չանեք, նվեր էլ չառնեք, օրը երեխաների հետ պետք է անցկացնեմ»:
Հարցին, թե կան արդյո՞ք մարդիկ, ում ինքը ներել է Հոկտեմբերի 27-ից հետո, նախկին վարչապետը դրական պատախսան է տվել. «Ես պետական պաշտոնյաներին, բոլորին՝ առանց բացառության, ներել եմ: Ես չեմ ներում խառնակչությունը, բանսարկությունը, կեղծ հերոսությունը, բայց ներել չի նշանակում արդարացնել, ես նույնիսկ չարդարացնելով կարողացել եմ այդ մարդկանց ներել,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ ներել է նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Ես երբեք չեմ ասել, որ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն են Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները: Ես միշտ համարել եմ, որ մարդուն սպանության մեջ հանիրավի մեղադրելը նույնչափ մեղք է, ինչպես մարդ սպանելը: Ես համարում եմ, որ անմեղության կանխավարկածն ամենակարևոր արժեքներից է, որը պետք է գնահատենք: Մարդը պետք է օգտվի անմեղության կանխավարկածից, հետո դատարանն ապացուցի՝ նա մեղավոր է, թե՝ ոչ»: