Հասարակություն 

Ես շատ պետք է ապրեմ, որ Ձեր փորձառությունն ունենամ. Իմ քայլի պատգամավորը՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի զեկույցի ժամանակ խոսեց ԱԱԾ ազգային դպրոց ունենալու անհրաժեշտության մասին՝ նշելով, թե լուրջ ռիսկեր է տեսնում, երբ ԱԱԾ աշխատակիցները վերապատրաստվում են այլ երկրներում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ Հայաստանը ռեսուրսներ ու գումար ունի սեփական դպրոցն ունենալու համար. «Ինչպես հասկանում եմ, 2020 թվականի պետական բյուջեում այդ կետը չկա»:

ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրն ծառայության ուշադրության կենտրոնում է, կառավարությունն արդեն տարածք է տվել ԱԱԾ ակադեմիա կառուցելու համար. «Արտասահմանում սովորելու ընթացքում մարդիկ ընտանիքներից կտրվում են, մենք ծախսեր ենք անում, այն ունի որոշակի ռիսկեր, քանի որ նրանք շփվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Հայաստանում նման ակադեմիա ունենալով մենք կխուսափենք նշված ռիսկերից»:

Մարիրոսյանը նշեց, որ այսօր գործող գիտաուսումնական կենտրոնում դասավանդում է մոտ 60 դասախոս, իսկ հետագայում կփորձեն կազմն ընդլայնել. «Ստեղծվելիք ակադեմիան ավելի որակյալ է լինելու, այնտեղ կվերապատրաստվեն նաև մեր հատուկջոկատայիները»:

Պատգամավոր Պողոսյանն իր հերթին նշեց, որ միայն դրսում սովորելու պատճառով գնացողները հետախուզության առումով բացահայտված են, հետևաբար նրանց պետք չէ ծառայության ուղարկել այնտեղ, որտեղ նրանք սովորում են. «Ես չէ, որ այդ մասին Ձեզ պետք է ասեմ: Դուք շատ փորձառու եք ու ես շատ պետք է ապրեմ, որ Ձեր փորձառությունն ունենամ այս ոլորտում»:

Նույն շարքից