Անձամբ ես ու մեր ընտանիքը բրենդային խանութներից առևտուր անելու, թանկարժեք ռեստորաններում սնվելու սիրահար չենք: Այս մասին Հանրային եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով, որ ստիպված է հիասթափեցնել շատերին. «Ես ցավում եմ, բայց պետք է հիասթափեցնեմ և՛ քննադատողներին, և՛ բոլոր նրանց, ովքեր իսկապես հավատում են, որ պետության ղեկավարի կինը պետք է հագնի միայն բրենդային հագուստ և սնվի ինչ-որ ստանդարտների ռեստորաններում: Ես ցավում եմ, բայց իսկապես պետք է հիասթափեցնեմ, որովհտեև մեր ընտանիքը նման բաների սիրահար չէ»:
«Բրյուսելում Մարիամն ինձ շատ երկար է համոզել, որ հյուրանոցային համարից առհաարակ դուրս գամ: Մենք փողոցում քայլել ենք, մի քանի խանութ ենք մտել, շոկոլադ ենք գնել, որպեսզի Արփիին բերենք: Երկու անգամ էլ նստել ենք մի տեղ ճաշել: Դրանք եղել են միջին կարգի ռեստորաններ: Մեր լրագրողներն էլ են այնտեղ եղել և ինձ տեսել են: Մենք չենք արել այնպիսի բան: Դա չենք արել, որովհետև չենք կիսում այդ մոտեցումը: Իսկ եթե կիսելու լինեինք էլ այդ մոտեցումը, դրա համար պետք է համապատասխան հնարավորություն ունենանք, իսկ մեր երկրում նման հնարավորություն կարելի է ունենալ միայն այն ճանապարհով, որի համար հեղափոխություն ենք արել, որը մերժել ենք»,-ասել է Հակոբյանը:
Դիտարկմանը, թե նախկինում պրակտիկա է եղել, ինչ-որ գործարար է եղել, որ փակել է բոլոր ծախսերը, և հարցին, թե չկա՞ նման գործարար իրենց համար, տիկին Հակոբյանը նշել է. «Ես տեսնում եմ, որ մամուլի որոշակի միջոցներ որոշակի ուղղորդմամբ փորձում են այդ ամեն ինչը պրոեկտել մեր ընտանիքի վրա, բայց դա անիմաստ է: Կարող եմ խորհուրդ տալ, որ ինչքան շուտ դադարեցնեն, այդքան լավ: Ես պետք է ասեմ, որ առաջարկում են այցերի ժամանակ դիվանագիտական ներկայացուցչությունների կանայք ինչ-որ տեղ տանել, սակայն ես շնորհակալություն եմ հայտնել և հրաժարվել, որովհետև հիմա շատ եմ հոգնում, շատ ինֆորմացիա եմ ստանում, ես ի վիճակի չեմ հավելյալ ինֆորմացիա ընկալել, հավելյալ շփումներ ունենալ: Բացի դրանից, հիմա աշխատանքի տարիքն է, մյուս բաների համար դեռ ժամանակը կգա: Բրյուսելում եթե իմ անձնական հետաքրքրությունները փորձեի բավարարել, կցանակնայի ներկա լինել ամուսնուս և Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսին, նստել լրագրողների շարքում և լսել նրանց: Բայց նման բան հնարավոր չի անել: Գնումներն էլ եղել են այնպիսին, ինչպիսին կանի ամենամիջին ընտանիքի ներկայացուցիչը»: