Հասարակություն 

Եվս մի երկիր, որին լրտեսել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները. WikiLeaks

WikiLeaks սկանդալային կայքը մտադիր է հրապարակել ևս մի երկրի անուն, որի քաղաքացիները ենթարկվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսմանը։ Կազմակերպությունում նման որոշում են կայացրել, թեև դա կարող է հանգեցնել «բռնության աճի» և մարդկանց մահվան, հայտնում է Russia Today-ը։

 

WikiLeaks-ի նման արձագանքն առաջացրել է մայիսի 19-ին The Intercept պարբերականում հրապարակված հոդվածը, որը հիմնված է եղել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տեղեկությունների վրա։ WikiLeaks-ում դժգոհել են, որ պարբերականը թաքցրել է մի երկրի անուն, որի քաղաքացիները նույնպես ենթարկվել են լրտեսման։

 

Համաձայն The Intercept-ի հոդվածի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքել երկու պետությունների բնակիչների բոլոր միջազգային հեռախոսային բանակցությունների մասին։ Այդ պետություններից մեկը Բահամյան կղզիներն են։ Երկրորդ պետության անունը լրագրողները թաքցրել են՝ բացատրելով դա նրանով, որ «նման քայլը կարող է հանգեցնել բռնության աճի»։

 

WikiLeaks-ը մեղադրել է պարբերականին ստացված տեղեկությունների գրաքննման համար։ Կազմակերպության կարծիքով՝ լրագրողները զրկել են այդ երկրի բնակիչներին իրենց լրտեսելու մասին իմանալու իրավունքից։ WikiLeaks-ը խոստացել է 72 ժամվա ընթացքում հրապարակել այդ երկրի անունը։

Նույն շարքից