ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել եվրոպական մայրցամաքում այս գարուն Զիկա վիրուսի տարածման վտանգի դեմ պայքարի համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ֆինանսական կայունության, ծառայությունների և կապիտալի շուկայի հարցերով եվրահանձնակատար Ջոնաթան Հիլը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում:
«Ընթացիկ տարվա գարնանն ու ամռանը Aedis Aegypti տեսակի մոծակները կարող են հանգեցնել հիվանդության տարածման Եվրոպայում: Ներկայումս Զիկա վիրուսի դեմ վակցինա գոյություն չունի: Դրա հետ կապված՝ զգալի ջանքեր են գործադրվում դրա մշակման համար: ԵՄ-ն, իր կողմից, դրա համար հատկացրել է 10 մլն եվրո, և դա միայն առաջին փուլն է»,- ասել է Հիլը:
Նա նշել է, որ դեղագիտության հարցերով զբաղվող Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը «փորձագետների հատուկ խումբ է ստեղծել վակցինայի մշակման նպատակով»: «Այն նաև կապի մեջ է դեղագիտական կորպորացիաների հետ, որոնք մտադիր են այդպիսի ուսումնասիրություններ և մշակումներ անել»,- ասել է նա: