Քաղաքական Միջազգային 

Եվրոպան դարձել է դոնոր, որը հոգում է այլոց պատերազմական ծախսերը

Handelsblatt-ն  անդրադարձել է ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը՝ փաստելով,  որ  Արևմուտքը հոգնել է կոնֆլիկտներ հարթելուց: Պարբերականը նշում է, որ Թրամփի որոշումն առ այն, որ նա այլևս  ֆինանսական օգնություն չի տրամադրելու Սիրիային, ինչպես նաև դուրս է բերելու ամերիկյան զորքերը, վկայում են այն մասին, որ Արևմուտքն այս ամենի արդյունքում լուրջ կորուստներ է ունենալու: Անկախ այն հանգամանքից, Թրամփը կպահի իր խոստումը, թե ոչ, սա ազդանշան է Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար, որ Սիրիայում ընթացող պայքարը թողնվում է բացառապես նրանց վերահսկողության ներքո: Այս կերպ Թրամփը վերջնականապես  տապալում է Եվրոպայի ջանքերը՝ ուղղված դիվանագիտական ճնշման միջոցով կոնֆլիկտի  քաղաքական լուծմանը հասնելուն:

Սիրիայում ընթացող պատերազմն առաջին հերթին գոեպոլիտիկ ուժի դրսևորում է: ՌԴ-ն ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը՝ լինելով համաշխարհային գերտերություն, կարող է ընդլայնել իր ազդեցությունն աշխարհի ամենակրիտիկական տարածաշրջանում: Իրանը ցանկանում է շիիական գիծ ստեղծել, որը կձգվի Թեհրանից՝ Իրաքի և Սիրիայի միջով, մինչև Լիբանան: Թուրքիան ձգտում է իրագործել իր վաղեմի երազանքը և տարածաշրջանայինգերտերությունից մի քայլ առաջ անցնել:

Փաստացի, երեք պետություններն էլ տարբեր հետաքրքրություններ ունեն Սիրիայում, ուստի նրանց եռակողմ հանդիպումը վկայում է այն մասին, որ նրանք ուզում են Եվրոպային և ԱՄՆ-ին ցույց տալ, որ առանց ձեզ էլ մեր հարցերը կարող ենք լուծել, դուք մեզ պետք չեք:

Եվրոպային ստորացուցիչ ձևով ցույց տրվեց, որ այն երբեք էլ իրական ռազմավարություն չի ունեցել Սիրիայի հարցում: Եվրոպան փաստացի վերածվել է դոնորի, ով հոգում է այլոց պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած ծախսերն ու վնասները: Իրանը, Թուրքիան և ՌԴ-ն ռազմական գործողություններ են կատարում, այնուհետև Եվրոպան ընդունում է նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, և վճարում Թուրքիային, որպեսզի օգնության կարիք ունեցողների թիվը չավելանա: Հեղինակը եզրահանգում է, որ սա  աշխատանքի շատ տարօրինակ բաժանում է:

Նույն շարքից