Հայաստան 

Երանոսյանը չի հասկացել , թե ԱԺ-ն ինչ դեր ունի այս երկրում, հնարավոր է՝ իր գլուխը ջարդվի. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքները դատապարտող ԱԺ հայտարարությունը:

«Հայտարարության մեջ չի կարող գրվել, որ ինչ-որ մեկին պաշտոնից ազատեն կամ պատժեն:
Հայտարարությունից ավելին մի պահանջեք, քան պահանջում է հայտարարության կարգավիճակը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ մինչ ԱԺ-ում այդ հայտարարությունն էին ընդունում, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կրկին հարցազրույց է տվել ու պնդել, որ Նախագահին հայհոյողի գլուխը կջարդի, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Հայտարարությամբ հասանք նրան, որ եթե Երանոսյանը չի հասկացել , թե ԱԺ-ն ինչ դեր ունի այս երկրում, և որ չի կարելի հակադրվել ԱԺ-ին, ուրեմն իսկապես եթե իրենք որոշել էին գլուխ ջարդել, ուրեմն իր գլուխը կարող է ջարդվել: Չի կարող դա տեղի ունենալ, ի հեճուկս մեր պետական մարմինների դիրքորոշումների: Եթե մենք պետություն ենք, պետությունը պետք է պաշտպանի բոլորին, ու զսպի բոլոր նրանց, ով կարող է մեկի նկատմամբ ցանկացած դատաստան տեսնել»:

Հարցին, թե վերջին շրջանում համագործակցությունը ՀՀԿ-ի հետ արդյոք խոսում է այն մասին, որ ՀՅԴ-ն առաջիկայում  կհայտարարի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, թե այդ համագործակցությունը նման եզրակացության հիմք չի տալիս: Ըստ Ռուստամյանի՝ պարզապես իրենք փորձել են արդյունավետ օգտագործել այն բոլոր ջանքերը, որոնք արծարծվեցին ԱԺ նստաշրջանը սկսելուց առաջ:

«Բոլորի մտահոգությունն այս բռնարարքների արձագանքելն էր, և վերջին պահին Դաշնակցության կողմից այդ առաջարկությունը եղավ և առաջարկեցին լուծում: Մեզ համար ընդունելի չէ՝ «ամեն ինչ կամ ոչինչ» մաքսիմալիստական տեսակետը: Հիմնական կռվախնձորը հանդիսացավ Լևոն Երանոսյանի հրաժարականի պահանջը, և 6 կուսակցություններ չկարողացան միասին հանդես գալ: Մենք իսկապես կարծում ենք, որ ընդդիմությունը կարող է պահանջել հրաժարականը, և մենք ևս միացել ենք այդ պահանջին, բայց նաև հասկանում ենք իշխանության մոտեցումը, որովհետև իրենք իրենցից պետք է հրաժարական պահանջեին, այսինքն` դա էլ բացատրում էին` ասելով, որ մեծամասնությանը չէր կարելի դնել մի իրավիճակում, որ ինքնախարազանման վիճակում հայտնվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ պատգամավորը հիշեցեց, որ փոխոստիկանապետին նշանակում և պաշտոնանկ անում է նախագահը և ԱԺ-ն: «Իսկ իրավունք ունենալով պահանջել այդ հրաժարականը, չէր կարող իրականացնել, քանի որ մեծամասնությունը չէր գա, և քվորում չապահովելով` ոչինչ տեղի չէր ունենա»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես կգնահատի գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը, ով ըստ էության հաստատեց այն պնդումը, թե հայհոյողը պետք է պատրաստ լինի պատասխան ստանալ, Ռուստամյանն ասաց, թե կոնկրետ ինքը նման ելույթ չէր ունենա: «Թող հասարակությունն ինքը գնահատի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը ԱԺ ամբիոնից: Ես ամեն մեկի ելույթը գնահատելու կարիք չունեմ. դա իր ոճի ելույթ է, ու եթե դա վիրավորանք ու զրպարտություն չի պարունակում, նորմալ է: Հիմա նա իր այդ կոլորիտի մարդն է: Ես այդ ելույթը չէի ունենա»,- նշեց նա:

Ռուստամյանը նշեց, թե բոլորն էլ գիտեն, որ Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայհոյել է, ինչը անթույլատրելի է։ «Մայրը հայ ժողովրդի համար ամենամեծ սրբություններից մեկն է և չի կարելի հայհոյել: Մենք էլ պետք է հասկանանք, որ չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան: Հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսինն է, ռուսների մոտ դա կարող էր լինել բարևի նման: Իսկ բանակում դա ավելի վատ արդյունք է տվել: Հիմա այդ մարդն ինչ մտածում էր, անկեղծորեն ասաց, քան այն մարդիկ, ովքեր ավելի վատ բաներ ունեին մտքում ու չասացին»,- եզրափակեց Ռուստամյանը:

Նույն շարքից