Քաղաքական 

Երեւանում կկայանա ԱՊՀ ՀՕՊ համակարգող խորհրդի հոբելյանական նիստը

Երեւանում այսօր՝ ապրիլի 9-ին կկայանա ԱՊՀ Հակաօդային պաշտպանության  համակարգող խորհրդի հոբելյանական՝   40-րդ նիստը, որին կմասնակցեն ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ՊՆ պատվիրակությունները:


Մասնակիցները կքննարկեն Խորհրդի  2013թ. գործունեությունը, կդիտարկեն կազմակերպության հարցերը եւ համատեղ միջոցառումների անցկացումը 2014թ., ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր: 


Նիստից հետո պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 10-ին ցուցադրական ելույթներ են նախատեսվում:


ԱՊՀ անդամ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է Համագործակցության 10 երկրների միջեւ 1995թ. Ալմաթիում ստորագրված համաձայնագրի հիմքով: Համաձայնագրի ժամկետն անսահմանափակ է, այն բաց է այլ երկրների ընդգրկելու համար: Միասնական համակարգում ներկայումս ութ երկիր կա՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս,  Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա:


1995թ.-ից ի վեր անցկացվում են համատեղ զորավարժություններ, թիմա-շտաբային մարզումներ:


Մարզումներին մասնակցում են ավիացիայի ՍՈՒ-27, ՄԻԳ-29, ՄԻԳ-31 կործանիչներ, ՍՈՒ-24 ռմբակոծիչ, ՍՈՒ-25, ՏՈՒ-22, ՏՈՒ-160, ՏՈՒ-95 օդանավերը, ԿԱ-27, Մի-8 ուղղաթիռներ, ինչպես նաեւ զենիթահրթիռային եւ ռադիոտեխնիկական զորքերի ստորաբաժանումները: 

ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումից ի վեր անցկացվել է 25 մարզում եւ 10 համատեղ զորավարժություն:

Նույն շարքից