Երդվյալ ազատամարտիկների միությունն իր ներկայացուցչական կազմով նույնպես մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին:
«Մեր միությունը չհանդիսանալով քաղաքական կառույց, չի կարող անտարբեր լինեն մեր երկրին վերաբերող հարցերի նկատմամբ: Բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու ոտնահարված արժանապատվությունն է, որը երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ: Հատկանշական է երկրում կործանարար բնույթ կրող արտագաղթը: Այս իրավիճակի գլխավոր պատճառը ոչ հայրենասեր մարդկանցով ձևավորված վարիչ մեքնեան է»,- նշեց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը` հավելելով, որ քաղաքականությունը երկրում վարվում է ըստ իշխանության կարիքի:
Ըստ նրա՝ երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց, առավել սարսափելին այն է, որ երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ, հայրենասեր լինելու համար նրանցից արտոնագիր է պետք ունենալ, դարձրել են իրենց մոնոպոլիան: Վարիչ մեքնենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում: Մեր միությունը հավատարիմ մնալով իր ստանձնած պարտավորություններին, կանգնած է Գ. Ծառուկյանի կողքին:
«Ժողովուրդն ավելի ուժեղ է, քան կարիքը: Ցավալին այն է, որ հերոսապատում կերտած մեր ժողովրդի մեծամասնությունը վաղուց արդեն օրվա հացի որոնումների մղձավանջում տարբեր գաղթօջախներում է հայտնվել: Մենք` ազատամարտիկներս, ապրելով ժողովրդի ցավով, մեր և մեր զոհված եղբայրների արյան պայքարի միջով անցնելով, մեծ ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք, որ գավառական մտայնության տեր մի չինովնիկ, գործելով նենգախաղի օրենքներով, դարանակալված, իր ենթականերով կարող է ծեծի ենթարկել ազատամարտիկի` նրա իսկ արյամբ հաղթանակած երկրում»,- իր ելույթում նշեց Ռուբեն Գևորգյանը: