Հայաստանում հաճախակի դարձած հոսանքազրկումները սկսել են անհանգստացնել շատ քաղաքացիների, ովքեր ամենատարբեր միջոցներով դիմում են համապատասխան մարմիններին հարցին լուծում տալու համար:
Այդ քաղաքացիներից մեկն է Վահրամ Այվազյանը, ում հետ էլ զրուցել է Analitik.am-ը։
«Վերջերս Սպիտակում հաճախակի հոսանքազրկումների պատճառով իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ արել և այն ուղարկել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի (ՀԷՑ) գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանին: Ասեմ, որ այդ դիմումն այդպես էլ մնաց անպատասխան: Երբ սկսվեց հեղափոխությունը, ես նորից բարձրաձայնեցի խնդրի մասին գրառման տեսքով, որը նույնպես մնաց անպատասխան: Ճիշտ է, Սպիտակում եղել են խնդիրներ կապված էլեկտրականության հետ, բայց նման մասշտաբային անջատումներ չեն եղել»,-նշում է Այվազյանը:
Մեր զրուցակցի խոսքերով, ինքը նկատել է, որ ՀՀ-ում շատերն են բողոքում հաճախակի հոսանքազրկումներից. «Երկրի ներկայիս վիճակն ինձ հիշեցնում է 1990-ականների Հայաստանը: Այնուհետև բազմաթիվ իմ գրառումներին ի պատասխան արձագանքեցին Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովից: Գործին ընթացք տալով՝ նրանք կապնվեցին ինձ հետ, խոսեցին ներդրումների մասին, քննադատեցին նաև Սպիտակի քաղաքապետարանին՝ նշելով, որ Սպիտակում հոսանքազրկումների մասին պետք է բարձրաձայներ Սպիտակի քաղաքապետարանը և ոչ թե հասարակ քաղաքացին»:
Այվազյանի խոսքերով, իր հետ կապ է հաստատել նաև ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը՝ ասելով, որ կկարգավորեն խնդիրը, բայց մինչև այսօր խնդիրը չի լուծվել: Զանգահարել են նաև ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակից՝ ասելով, որ ամեն ինչ անում են, և աստիճանաբար կկարգավորենք այս հարցերը, բայց կրկին ապարդյուն:
«Նշեմ նաև, որ ես շատ եմ ողջունում նման զանգերը և պատրաստակամությունը, բայց չեմ սիրում, որ օդում ինչ-որ բաներ են ասվում, և հարցին այդպես էլ լուծում չի տրվում: Ես Սպիտակում շատ մարդ եմ ճանաչում, ովքեր ուզում են արտագաղթել հոսանքանջատումների պատճառով, քանի որ կան մարդիկ, ովքեր ֆինանսական կորուստներ են ունեցել: Ես հարցազրույց եմ ունեցել նաև ամերիկյան ներդրողների հետ, որի ընթացքում հոսանքազրկում տեղի ունեցավ և որն էլ շատ մեծ վնաս հասցրեց ինձ: Հիմա ուսումնասիրում եմ այն, թե ինչպես կարող եմ փոխհատուցում պահանջել Հայաստանի էլեկտրական ցանցերից, իսկ ՀՀ-ում շատ դժվար է նման հարցերով առաջ գնալը, քանի որ, այստեղ այդ հարցերով չկա ո՛չ ադեկվատ իրավական, և ո՛չ էլ սոցիալական զարգացած մշակույթ: Ուզում եմ շեշտել, որ ՀԷՑ-ի կողմից ինձ տված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև հիմնված են ստի և կեղծիքի վրա»,-ասաց քաղաքացին:
Այվազյանը խոսեց նաև կոռուպցիոն ռիսկերի մասին՝ նշելով, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, եթե չի սխալվում, շեշտել է, որ ինչ-որ տրանսֆորմատորների յուրացում է տեղի ունեցել. «Ես կասկածներ ունեմ, որ ՀՀ շատ վայրերում այդպիսի յուրացումներ են եղել, որովհետև տրանսֆորմատորների վերանորոգումներ տեղի չեն ունեցել, ինչն ուղղակի խայտառակություն է: Ես շատ կցանկայի, որ անակնկալ ստուգումներ իրականացվեին ոչ միայն Սպիտակի մասնաճյուղում, այլ նաև ՀԷՑ-ի հայաստանյան այլ մասնաճյուղերում։ Էլէկտրաէներգիայի աշխատակիցներից ինձ տեղեկացրել են, որ իրենք չունեն բավարար գումար և չեն կարող վերանորոգումեր իրականացնել, բայց ՀԷՑ-ը կարող է և պարտավոր է իրեն թույլ տալ բարելավելու սպասարկումը: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ սա ուղղակի կասկածներ են և ես չեմ կարող սա հիմնավորել: Հենց այդ պատճառով ես ուզում եմ ստուգումներ լինեն, որպեսզի հասկանանք այդ մարդկանց աշխատելու ազնվությունը և վստահ լինենք, որ մանիպուլացիաներ և մախինացիաներ չեն արվում: Շատ անշնորհակալ աշխատանք է բողոքել Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքից: Վերջերս էլ-ցանցի ստորին խավում աշխատող 2 հոգի (բանվորներ) եկել էին իմ տուն և ասում էին, որ իմ պատճառով իրենց աշխատավարձի պրեմիաներն են կտրում: Բարձրագույն ղեկավարությունը փոխարենը զբաղվի առաջացած խնդիրը լուծելով, ինչ-որ մարդիկ է ուղարկում և փորձում է լռեցնել ինձ»:
Մյուս կարևոր հարցը, որի մասին մեր զրուցակիցը խոսեց, այն է, որ իրեն Հայաստանի էլեկտրական ցանցերից նամակ է ուղարկվել Данцова Лена ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից՝ 2 փաստաթուղթ ղեկավարության ստորագրությամբ և կնիքով. «Այդ փաստաթղթերը ես ուղարկել եմ ՀՀ կառավարություն, խոսել եմ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից մեկի հետ՝ փորձելով հասկանալ կատարվածը: Դա ուղղակի խայտառակություն է, և ցույց է տալիս ՀԷՑ-ում պրոֆեսիանալիզմի բացակայության մասին: Այդ կազմակերպությունում կադրերի շատ լուրջ խնդիր կա: Շեշտել եմ նաև, որ Սպիտակում կա կադրերի խնդիր, այսինքն 2-3 հոգի աշխատում են 10 հոգու փոխարեն, և գուցե դա է խնդիրը, որ չեն հասցնում այդ հոսանքի անջատման խնդիրը կարգավորել: Ուզում եմ այս ամենը եզրափակել կետերով: Առաջին հերթին ուզում եմ, որ բարձրաձայնվի լկտի հոսանքազրկումների հարցը: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի խիստ լինի իր սպառողների իրավունքները ոտնահարող ընկերությունների հետ և ինչպես նշել էի գրառումներիցս մեկում, ես պատրաստվում եմ բաց նամակով դիմել Ն.Փաշինյանին: Երկրորդը կադրերի հարցն է, որ անընդհատ հսկողության տակ պահեն նրանց կատարած աշխատանքը, որպեսզի չլինեն սպառողի հետ կապված կոմունիկացիոն խնդիրներ: Խոսքս այն մասին է, որ այլևս կեղծ օգտատերերից չստանանք զեկույց՝ իրենց ՛«եվրոպական ստանդարտներին համապատասխան» աշխատանքի հետ կապված:
Եվ երրորդը կոռուպցիոն ռիսկերի մասին հարցն է: Իմ կարծիքով այս նման լկտի հոսանքազրկումների պատճառն ավելի խորն է և դա նրա հետևանքն է, որ նոր տեխնիկա չի եկել կամ յուրացվել է: Վերանորոգումները, որոնք պետք է իրականացվեին, չեն արվել: Ես անձնապես ոչ մի բան չունեմ ոչ մեկի դեմ, պարզապես խնդրում եմ, որ ընկերությունը կարգի հրավիրվի: Կարծում եմ, որ ստուգումներն օգուտ կտան և՛ ՀԷՑ-ին, և՛ սպառողին: ՀՀ սպառողը կիմանա, որ գործ ունի ազնիվ ընկերության հետ, որոնք ջանք չեն խնայում ապահովելու քաղաքացուն 24 ժամյա հոսանքով: Ուզում եմ անպայման շեշտել փոխհատուցման հարցը, ասեմ, որ ինձ նման շատ մարդիկ էլ են տուժել ՀԷՑ-ի խայտառակ սպասարկումից: Իմ գրառումերից մեկում նշել էի, որ ցանկանում եմ ստեղծել օնլայն պլատֆորմ, որտեղ Հայաստանի տարբեր վայրերից քաղաքացիները կմտնեն և կգրեն, թե որտեղ և որ ժամին ինչ հոսանքազրկումներ են եղել: Տվյալների մի հսկայական բազա կհավաքվի, որը հետագայում կօգտագործվի ՀԷՑ-ի դեմ՝ իրավական առումով փոխհատուցում ստանալու համար՝ չանտեսելով հարցի բարոյահոգեբանական և ֆինանսական կողմերը: