Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ՌԴ Վոլգոգրադ քաղաքի քաղաքապետ Անդրեյ Կոսոլապովի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի գլխավորությամբ, մայիսի 7-10-ը պաշտոնական այցով եղել է Վոլգոգրադում:
Անդրեյ Կոսոլապովը երևանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և, ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու հաղթանակի գործում հայազգի զինվորների սխրանքը, կարևորել է երկու քաղաքների միջև հետագա համագործակցության ընդլայնումը:
Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները՝ Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, նաև ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է քննարկելու համատեղ նոր ծրագրեր:
Մայիսի 9-ին պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված զինվորների հուշահամալիրում, մասնակցել Հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին, ինչպես նաև՝ տոնական գալա-համերգին:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: