ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի եւ ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջեւ առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը: Հանդիպման օրակարգում եղել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը:
Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորել է Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին: