Հայաստանի զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ձմեռային ուսումնական փուլը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ զորամիավորումն իր առջեւ դրված խնդիրները կկատարի պատվով եւ լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ի. Մաթեւոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների եւ սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Ս. Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ եւ ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:

