Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանին Պաշտպանության նախարարության հավաստիացումը, որ նյութատեխնիկական ապահովման ծախսերը հնարավորինս բաց են ու թափանցիկ, չի գոհացնում։ Այսօր «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով երկօրյա միջազգային սեմինարի ժամանակ, դիմելով միջազգային փորձագետներին, նա նշեց, թե կոնկրետ իրենք չեն կարողանում ձեռք բերել այն տեղեկատվությունը, թե ինչպես են կատարվում զինվորական հանդերձանքի, սննդի, գրենական պիտույքների և այլ նմանատիպ ծախսերի գնումները։
«Ներկայացրեք, խնդրում եմ, հագուստի, սննդի, գրենական պիտույքների և նմանատիպ ծախսերի մասին տեղեկատվություն տրամադրելը չի կարող սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգությանը և որ դա բոլորովին էլ թշնամու ջրաղացին ջուր լցնել չէ»,-ասաց նաև դիմելով ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի, թիկունք ապահովող վարչության բաժնի պետ Էդգար Ճաղարյանին՝ հարցրեց, թե որտե՞ղ են տեսանելի այդ թվերը, թե որ կազմակերպություն է հաղթում։
Նշենք, որ մինչ այդ Ճաղարյանը նշել էր, որ մրցույթով են ընտրվում այն կազմակերպությունները, որոնցից պետք է գնումներ կատարվեն, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մրցույթին մասնակցում են 500-ից ավելի կազմակերպություններ, որոնք գրանցվում են էլեկտրոնային տարբերակով։
Էդգար Ճաղարյանը հավաստիացրեց, թե նշված հանդերձանքի, սննդի ու մյուս նմանատիպ ծախսերը «ապագաղատնիացված են արդեն մի քանի տարի», կարելի է օգտվել gnumner.am կայքից, որտեղ ներկայացված են մրցույթները, կա նաև հաշվետվություն, մասնակիցների ցանկը: Բացի այդ, նաև կոնկրետ ՊՆ-ի մասով, հաշվետվություններ ու գնումներ կարելի է գտնել mil.am կայքում:
«Ասենք՝ 518 կազմակերպություն է մասնակցում, դրանցից հաղթում է նա, ով էժան գին է տալիս, մրցույթը էլեկտրոնային կարգով է անցկացվում և ոչ ոք չի կարող ասել, թե մեկն է հաղթելու, այդքանի հետ հնարավոր էլ չի բանակցել»,-ասաց նա։
Արմինե Սադիկյանը որպես դիտարկում հավելեց, թե զինվորական հոսպիտալները դեղամիջոցներ են ստանում, որոնք, ինչպես մոնիտորինգի արդյունքներն են ցույց տվել, քիչ էֆեկտիվություն ունեն։
«Գոնե դեղերի հարցում պետք է խորհրդակցել բժիշկների հետ, ոչ թե էժան գնին նախապատվությանը տալ»,-ասաց նա։