Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ եւ պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին եւ հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նՆախարար Նալբանդյանը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարեւորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Նա հավելել է, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով եւ ընդգրկուն բովանդակությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծել է, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել «Օտար, ամայի ճամփեքի վրա» ստեղծագործական խմբերի աշխատանքներին։