Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ բուհի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։ Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։

Հանդիսավոր նիստը բացել է ‪‎ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես են եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։


Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում նախարար Նալբանդյանն ասել է. «Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր բուհը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն բուհերից մեկը։ Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը։ Յոթ տասնամյակների ընթացքում ՄԳԻՄՕ-ն տվել է հազարավոր ճանաչված դիվանագետներ, պետական, քաղաքական, գործիչներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ։ Բուհի տաղանդավոր դասախոսները արել են հնարավորը՝ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգությունների բազմահազար արհեստավարժ դիվանագետների պատրաստման համար»։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը՝ հարյուրավոր հայ բարձրակարգ մասնագետներ կրթելու համար, որոնք այսօր էլ աշխատում են միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ իրենց նպաստն են բերում հայ-ռուսական բարեկամության առավել ամրապնդմանը։  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՄԳԻՄՕ-ի և Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը, հաջողություն մաղթելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երկրորդ միջազգային ֆորումի աշխատանքերին, առաջարկել է հաջորդ ֆորումն անցկացնել գալիք տարի Հայաստանում՝ ընդգծելով, որ դա հատկապես խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը մեկն է ՄԳԻՄՕ-ի կազմավորման համար հիմք ծառայած երկու կրթօջախներից։

«Շփվելով ՄԳԻՄՕ-ի այսօրվա ուսանողների և ասպիրանտների հետ, ես համոզվեցի, որ մեր ինստիտուտը ունի ապագա, ոչ պակաս փառավոր, քան նրա անցած ճանապարհն է», - ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Նույն շարքից