E-draft.am կայքում գրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նախագծի հակիրճ բնութագրի մեջ մասնավորապես ասված է.
ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։
Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: