Հասարակություն 

Թեժ գծերին օգոստոս ամսվա ընթացքում ստացվել է 1922 հեռախոսազանգ

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներն ամեն օր ստանում են տասնյակ հեռախոսազանգեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 

Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի երեք՝ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, որոնք գործում են աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն, օգոստոս ամսվա ընթացքում ստացվել է 1922 հեռախոսազանգ: Բարձրացված 885 հարցերը, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում են եղել, փաստաթղթային ընթացք են ստացել և համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում կարգավորվել: Ի դեպ նշենք, որ հարցերի զգալի մասը կոմունալ-կենցաղային բնույթի են: 

Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվող հարցերն ու դրանց կարգավորման ընթացքը գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: 

Իրենց առաջարկներով, ինչպես նաև հետաքրքրող հարցերով երևանցիները կարող են դիմել նաև իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ զանգահարելով թեժ գծի համապատասխան հեռախոսահամարով: Նախորդ ամսվա տվյալներով 671 հեռախոսազանգներով քաղաքացիների բարձրացրած հարցերը լուծվել կամ սպառիչ պատասխաններ են ստացել: 

Հարցեր ու առաջարկություններ են ստացվում նաև 1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում օգոստոսին 181 հեռախոսազանգեր օպերատիվ ընթացք են ստացել և լուծվել:
 

Նույն շարքից