Ներկայացնում ենք Analitik.am-ի հարցազրույցը Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ:
Պրն. Էֆենդյան, բուհի և ՕԵԿ-ի միջև տարածքային վեճը տարիների պատմություն ունի: Կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ վիճահարույց հողակտորն իրեն է պատկանում: Ի ՞նչ հիմնավորումներ կներկայացնենք, որոնք կհաստատեն բուհի` տարածքի իրական սեփականատերը լինելու հանգամանքը:
Ակնհայտ է, որ Ագրարային համալսարանին պատկանող տարածքում արդեն երեք ամիս ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարությունն ապօրինի է: Մենք դիմել ենք դատարան, դատարանն արգելել է շինարարական աշխատանքներ կատարելը, ԴԱՀԿ-ն իր հերթին է արգելել ապօրինի կառուցապատումը, սակայն այդ կառույցի ներկայացուցչի հեռանալուց անմիջապես հետո շինարարությունը վերսկսվել է: Այս հարցով դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան:, որը ապօրինի շինարարության մասին երկու արձանագրություն է կազմել: Չգիտեմ` իշխանությունների անգործությունից է, թե օրինապահ չլինելուց, բայց ինչպես կարելի է այդքան զգուշացումներից հետո շարունակել անգամ գիշերները շինարարություն անել` առանց շինթույլտվության և ճարտարապետի մասնակցության:
Բայց ՕԵԿ-ն էլ, որպես ապացույց, ցույց է տալիս դատարանի որոշումը, համաձայն որի վիճահարույց տարածքն իրեն է պատկանում: Ի՞նչ կասեք այս մասով:
Թող ոչ ոքի դատարանի որոշմամբ թյուրիմացության մեջ չգցեն: Դատարանի կողմից երեք որոշում է եղել, որոնցից մեկով արգելվել են շինարարական բոլոր տեսակի աշխատանքները: Այնուհետ ՕԵԿ-ը դիմել է դատարան` շարունակելու կառուցապատումը, դատարանը մասնակի բավարարել է հայցը: Թող ոչ ոքի չխաբեն. եթե պետք լինի, ես պատրաստ եմ հանդիպել իրենց ներկայացուցչի հետ, ներկայացնել մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը:
Պրն. Էֆենդյան, որո՞նք են լինելու բուհի տնօրինության հետագա գործողությունները:
Մենք երկու հայցով դիմել ենք դատարան`առաջինը` Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով արգելել մեզ պատկանող տարածքում ապօրինի շինարարություն իրականացնել և մյուսով` Վարչական դատարան` չեղյալ հայտարարելու Երևանի քաղաքապետարանի 2008 թվ. որոշումը, որով շինթույլտվություն տրված է եղել ընդամենը 262 ք/մ համար, այնինչ ՕԵԿ-ն այսօր կառուցապատում իրականացնում է 452 ք/մ վրա: Վարչական դատարանն արդեն իսկ գործը վարույթ է ընդունել, իսկ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան դատական առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին:
Ինչ-որ ուժերի կամ անհատների տեսնու՞մ եք գործընթացի հետևում:
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում և չենք ուզում տարածքային վիճաբանության թիկունքում ինչ-որ ուժերի տեսնել: Միայն պնդում ենք, որ մենք պետական հիմնարկ ենք և մեզ պետության կողմից տևրամադրված տարածքն ու գույքը կարող է հետ վերցնել միայն պետությունը:
Անի Ղազարյան