Այսօր Պոլսում ընթանում էին Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ: Մինչև ընտրությունների ավարտը թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով մյուս թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Թեև այդ պահին ընտրություններն ավարտված չէին։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել էր, քանի որ իր կողմնակիցները մոտ 5-10 տոկոս էին կազմում:
«Շնորհավորել Մաշալյանին՝ առանց սպասելու ընտրությունների պաշտոնական արդյունքներին, մի քիչ կոռեկտ չի»,- ասաց թուրքագետը:
Նա նաև անդրադրաձավ Կարո Փայլանի գրառմանը՝ նշելով, որ Փայլանն ուզում է այն, ինչ հուզում է շարքային պոլսահային. «Շարքային պոլսահայն ուզում է այնպիսի պատրիարքը, ով կներկայացնի հայ համայնքի շահերը, կպաշտպանի հայ համայնքին ու կլինի բոլորի կողմից ընդունելի և ընտրված հոգևոր առաջնորդ»:
Թուրքագետը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի նախընտրելի թեկնածուն. նախկինում գործում էր մի կանոնակարգ, ըստ որի Պոլսո հայոց պատրիարքը կարող էին ընտրվել Պոլսում ծնված հայերը, եթե անգամ այդ պահին իրենց հոգևոր ծառայությունն էին իրականացնում Թուրքիայից դուրս․ «Սակայն այս անգամ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը խախտեց այդ օրենքը և արգելեց բացի Պոլսո Հայոց պատրիարքարանի միաբաններից, այլ վայրերում գտնվող թեկնածուներին մասնակցել պատրիարքի ընտրություններին. սահմանափակեց թեկնածուների թիվը»,-ասաց Իսպիրյանը:
Թուրքագետը պնդմամբ՝ թե՛ Աթեշյանը, թե՛ Մաշալյանը կաշկանդված են և կդժվարանան ազատ գործել. «Թուրքական կառավարությունը կարողացավ Մաշալյանին «ենթարկեցնել» իրեն: Այսօրվա Մաշալյանը տարբերվում է մեկ տարի առաջվա Մաշալյանից: Թուրքիայի ՆԳՆ արգելքն առաջ բերեց պոլսահայ գիտակից մասի զայրույթը, Փայլանն ուղղակի բարձրաձայնեց այդ մասին»:
Նա նաև շեշտեց, որ այդ արգելքով պոլսահայությունը զրկվեց ընտրության հնարավորությունից. դաշտում միայն այս երկու թեկնածուներն էին, իսկ դրսի թեկնածուն չէր կարող կաշկանդված լինել:
Աթեշյանի վաղ շնորհավորանքը թուրքագետի համար ինչքան անսպասելի, այնքան էլ՝ տրամաբանական էր, քանի որ արդեն դեկտեմբերի 8-ին հայտնի էր, որ պատրիարք ընտրվելու է Մաշալյանը։
Ըստ նրա, Մաշալյանի և Աթեշյանի նկատմամբ դժգոհություն կար, քանի որ նրանք դեմ դուրս չեկան Թուրքիայի ՆԳՆ նոր կանոնակարգին և չբոյկոտեցին ընտրությունները:
Ինչ վերաբերում է Էջմիածնի կողմից նախընտրելի թեկնածու լինելուն, Իսպիրյանը նշեց, որ ի տարբերություն Աթեշյանի, Մաշալյանն ավելի ընդունելի թեկնածու է:
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն արդեն ավարտվել են և նոր պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Հիշեցնենք, որ թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 7-ին գրել էր. «Վաղը կայանալիք պատրարքական ընտրութեան համար պիտի չքուէարկեմ։ Ընտրեալը պիտի չճանչնամ որպէս իմ պատրիարքը։ Պատմութիւնը իր սեւ էջերուն վրայ պիտի արձանագրէ այն պետական պաշտօնեաները, որոնք մեր պատիւը խաղալիքի վերածեցին, այն հոգեւորականներն ու վարիչները, որոնք գործակցեցան անոնց հետ»։