Քաղաքական 

Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ. թուրքագետ

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ, Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է:

«Հայ-թուրքական բանակցությունները վերականդանցնելու փորձերը, սիրիական ճգնաժամի հետ կապված զարգացումները և քրդական խնդրի բարձրացումը թույլ են տալիս արձանագրել, որ Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով, այն հարևանների հետ էլ, որոնց հետ, կարծես թե, Թուրքիան կարգավորել է խնդիրները, իրականում այդպես չէ. կան ստորջրյա խութեր, որոնք ցանկացած պահի կարող են վեր բարձրանալ: Անուշ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության մեջ նրանք իրենց չեն արդարացրել:

Թուրքագետի կարծիքով, Թուրքիան համարում էր, որ Սիրիան իր ներքին խնդիրն է, և ամեն ինչ անում էր, որպեսզի հրահրի արտաքին ուժերի ներխուժումը Սիրիա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, և որքան մոտենա տարելիցն, այնքան Թուրքիան կփորձի ակտիվանալ:

Բանախոսն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարություններին և կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը նաև գործիք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու առումով:

«Իրականում Թուրքիան կախվածություն ունի ադրբեջանական էներգակիրներից: Ադրբեջանը շահարկեց այդ գործոնը՝ ասելով, որ կարող է մեծ պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ և ակնարկեց, որ Ադրբեջանը շատ էժան գնով է վաճառում էներգակիրները Թուրքիային: Հիմա հայ-թուրքական արձանագրությունների առկախյալ լինելը Թուրքիային թույլ է տալիս Ադրբեջանի հետ սակարկել այս կամ այն խնդիրը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները կապված են նաև Եվրամիության և Թուրքիայի միջև անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման հետ:

Տիկին Հովհաննիսյանը, անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ կարծիք հայտնեց, որ այն աշխարհաքաղաքական զինադադարը, որը կար Թուրքիայի և Ռուսաստանի միջև, խախտվում է հօգուտ Ռուսաստանի. «Այսինքն, չնայած Ռուսաստանը շարունակում է տնտեսական սերտ կապերը Թուրքիայի հետ, բայց այդ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը շատ չի ընդլայնվում… Եվ Ռուսաստանն առայժմ թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ այն ոլորտում, որը իր մենաշնորհն է համարում»: Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան գալուն, թուրքագետը չբացառեց, բայց նաեւ ասաց, որ դեռ վերջնական որոշված չէ:

 

Նույն շարքից