Հասարակություն 

Թուրքիայում հայ ռոքերը քննադատել է իրեն օսմանցի համարող Էթիեն Մահչուփյանին

Թուրքիայում ճանաչված հայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինը քննադատել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանին, ով հայտարարել է, թե «իրեն ավելի շատ օսմանցի, քան հայ է զգում»:



Թուրքական «Դիքեն» լրատվակայքի փոխանցմամբ՝ հանրաճանաչ երաժիշտը Մահչուփյանի այս խոսքերի կապակցությամբ հիշել է անցյալ տարի Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի վիրավորական խոսքերը՝ ուղղված հայերին: Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստահաղորդմանը մասնակցելու ժամանակ ասել էր. «Ասում են, թե ես վրացի եմ: Կներեք, բայց ինձ անգամ ավելի վատ բաներ ես ասում, ինձ հայ են ասում»:



Հայկո Ջեփքինն էլ, մեկնաբանելով Մահչուփյանի խոսքերը, ասել է, թե միգուցե վերջինս նման հայտարարություն է արել Էրդողանի այս խոսքերն օրինակ ընդունելով:



Հիշեցնենք, որ օրերս Բելգիայի Գենտ քաղաքում անցկացված «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարի ժամանակ Մահչուփյանը հայտարարել է, որ ինքն իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ։



«Էական չէ՝ հայերն ինձ «դավաճան» կանվանեն, թե ոչ։ Ի վերջո, հայերի մեջ տարբեր տեսակի հայացքներ ունեցող մարդիկ կան։ Շատ հավանական է, որ այդպես արտահայտվող հայեր կլինեն, բայց դա որևէ նշանակություն չունի։



Հայ լինելս ապացուցելու կարիք չունեմ։ Ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ։ Թե´ Օսմանյան կայսրությունում, և թե´ դրանից առաջ՝ բյուզանդական շրջանում այս հողերում ենք ապրել ու մեր մշակույթը ստեղծել։ Ըստ իս՝ դա է ամենակարևորը։ Ցավոք, վերջին 10 տարում հայերն իրենց ավելի քիչ ազատ են զգում Թուրքիայում», – ասել է Մահչուփյանը։

Նույն շարքից