Թուրքիայում պաշտոնից ազատվել է դատախազ Զաքարիա Օզը, որն արտոնել էր «կոռուպցիոն գործի» շրջանակներում նախարարների որդիների ձերբակալությունները, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Թուրքիայի դատախազների խորհուրդը սկսել էր քննել 5 դատախազների գործը, ներառյալ՝ Զաքարիա Օզինը, որը տվել էր բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների ձերբակալության օրդերը։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Օզը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մոտ 2 մարդ է ուղարկել, որոնք սպառնացել են իրեն՝ պահանջելով դադարեցնել կառավարության դեմ սկսած հետաքննությունը։
«Ասացին, որ հակառակ դեպքում հետևանքներն ինձ համար չափազանց ծանր կլինեն»,-ասել է Օզը։
Էրդողանը հերքել է այդ հայտարարությունն ու այն «հեքիաթի ժանրից» որակել։