Հասարակություն 

Թրաֆիքինգի «ավանդական ձևերը» նվազել են. ոստիկանության գնդապետ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակը՝ արձագանքելով, որ «ավանդական ձևերը»՝ պոռնկության շահագործման դեպքերը, նվազել են:

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը ՀՀ ոստիկանության կողմից շարունակվում է դասվել կարևոր խնդիրների շարքում: Սա հատկապես այն ոլորտն է, որտեղ և՛ պետական, և՛ հասարակական կառույցները գործում են համահունչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պայքարը չի սահմանափակվում միայն հանցագործությունների բացահայտմամբ: Զբաղվում են նաև իրազեկմամբ:

Ներկայացնելով թվային տվյալներ՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ՀՀ-ում 2013թ.-ի և 2014թ.-ի 9 ամիսների ընթացքում Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի ցուցիչներով հարուցվել է 18 գործ, որոնցով բացահայտվել է հանցագործության 22 դեպք, որոնցից 10-ը կազմակերպված հանցագործության խմբերի կողմից են կատարվել: Պոռնկության շահագործման արձանագրված 12 դեպքերից 4-ը կատարվել է Արաբական էմիրություններում, 2-ը՝ Թուրքիայում, 6-ը՝ Հայաստանում: Արդյունքում տուժող է ճանաչվել 28 հոգի, որոնցից 13-ը չափահաս կանայք են եղել, 2-ը՝ անչափահաս տղա:

Ըստ բանախոսի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի նկատմամբ, որից 4-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: 2012-2014 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով դատապարտվել է 18 անձ:

Հաշվետու ժամանակահատվածում երեխայի առքուվաճառքի հանցագործության երեք դեպք է հայտնաբերվել:

Նույն շարքից