Հայաստան 

Ի՞նչու է ներում շնորհվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե քանի ներում է շնորհվել նախորդ տարի դատապարտյալներին, և ինչու է ներում շնորհվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին, որի մասին մամուլը գրել էր: Նա նաև տեղեկություններ խնդրեց Նախագահի արձակուրդի անցկացման մասին, թե դրանք արդյոք բյուջեի հաշին են:  



ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ներման համար գործում է խորհրդատվական խումբ, որը յուրաքանչյուր դիմում քննում է, յուրաքանչյուր ներման խնդրանք զեկուցում է Նախագահին: Ներման թվի վերաբերյալ նա նշեց, որ այս պահին տվյալները չկան:



Փոստանջյանը խնդրեց անդրադառնալ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին: Վիգեն Սարգսյանն էլ կրկնեց, որ ներումը Նախագահի բացառիկ լիազորությունն է և հավելեց, թե  սովորաբար ներման դեպքում հաշվի են առնվում անչափահաս երեխաների առկայությունը, հանցագործության տեսակը, նախկինում դատապարտված լինելը և այլն:



Նախագահի արձակուրդի մասով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ այդ, ինչպես նաև մասնավոր այցերի ժամանակ Նախագահը կարող է օգտվել իրեն հատկացված տրանսպորտային միջոցներից: «Արձակուրդ անցկացնելիս հանրապետության Նախագահին բացի անվտանգության աշխատակիցներից որևէ աշխատակից չի ուղեկցում, և նման պրակտիկա գոյություն չունի»,- ասաց նա:



Փոստանջյանը նաև նշեց, թե 2014 թ-ին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Հարավային Կորեա՝ ինչ-որ բուժում ստանալու և հարցրեց, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել այդ այցի ժամանակ, քանի պաշտոնյա է մասնակցել այդ ուղևորությանը:



Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ պետական բյուջեից գումարներ չեն հատկացվել, միակ ծախսը, որ կարող էր լինել, օդանավի համար հատկացվող գումարն է, որը համարվում է տրանսպորտային միջոց։ Վիգեն Սարգսյանն ասաց, որ չի հիշում, թե այդ դեպքում եղել է նման ծախս, թե՝ ոչ:

Նույն շարքից