ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, որ 22 տարեկան երիտասարդից պահանջում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 օտար լեզվի իմացություն, ասաց, որ դա միայն առաջին հայացքից կարող է թվալ աբսուրդ:
Փաշինյանի խոսքերով, եթե նայելու լինենք ժամանակակից չափանիշների տրամադրությանը, խնդիրը հենց պետք է լինի այն, որ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր ժամկետային զինծառայություն չեն անցնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և իմանան 3 օտար լեզու. «Երբեմն մենք աշխատանքի մասին խոսելիս, փորձում ենք աշխատանքային չափանիշները հարմարեցնել մեզ, ոչ թե մենք հարմարվենք այն պահանջարկին, որը շուկայում կա այսօր»:
Փաշինյանը կարևորեց նաև շուկայի պահանջարկների համապատասխան մասնագետներ պատրաստելու հարցը. «Մի ժամանակ Հայաստանի դիմորդների մեծ մասը կամ իրավաբանական էր ընդունվում, կամ տնտեսագիտական: Մոդան դա էր, սակայն չգիտես, թե ով էր այդ մոդան ստեղծել: Իսկ այսօր ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ ծնողն ասում է, որ երեխան բարձրագույն կրթություն ունի, բայց աշխատանք չի կարողանում գտնել: Այստեղ խնդիրը նաև այն է, որ ծնողը կարծում է, թե իր 25 տարեկան երեխայի համար պետք է աշխատանք գտնի»: