Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացած է, թե կառավարությունն ինչո՞ւ է «էս նեղ մաջալին» գնում մի շարք ապրանքների` ծխախոտի, օղու, դիզվառելիքի ու բենզինի ակցիզների դրույքաչափի բարձրացման, երբ ԵՏՄ-ին անդամակցության պարագայում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում ռուսական էժան օղի:
Այս մասին էլ Էդմոն Մարուքյանը հարցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ով խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Ակցիզների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության հերթական օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը:
«Հիմա տեղական արտադրողի համար ակցիզները թանկացնում ենք...Էս ո՞նց է լինելու, մենք ինչ-որ վերլուծություններ ունե՞նք, թե սա ինչ ազդեցություն կունենա տեղական շուկայի վրա: տեղական արտադրողները, հնարավոր է, փակեն իրենց ձեռնարկությունները: Դիզվառելիքը, Դուք ասում եք 6 դրամ, բայց հնարավո՞ր է՝ գա հին գնին՝ բարձրանալով` 15 դրամով»,-հարցրեց Էդմոն Մարուքյանը, ով մտահոգություն ունի, որ բացի ամեն ինչից, Հայաստանի տնտեսությունը կարող է աշխատատեղեր կորցնել:
Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով կառավարությունն առաջարկում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, իսկ բենզինի համար ակցիզային հարկի ավելացման համար սահմանված է միասնական՝ 112 հազար դրամ՝ որպես ակցիզային հարկի ու ավելացված արժեքի հարկի համագումար, սեղմված գազի 1000 խորանարդ մետրի համար՝ 8333 դրամ:
Վախթանգ Միրումյանն ասաց, որ նախագծի ազդեցության խորը վերլուծություն է կատարվել և նշեց. «Որպեսզի մենք պաշտպանենք տեղական արտադրողին, կառավարության առաջարկը վերաբերում է ոչ միայն նվազագույն չափը բարձրացնելուն, այլև արժեքային չափը բարձրացնելուն, և դա պայմանավորված է նրանով, որ Հայաստան ներմուծվող օղին ավելի թանկ է, քան ՀՀ-ում արտադրվողը, և եթե Կառավարությունը միայն սպեցիֆիկ դրույքաչափերը բարձրացներ, ապա, այո, Էդմոն Մարուքյանի մտավախությունների համար հիմք կարող էր լինել, բայց երբ կառավարությունը միաժամանակ բարձրացնում է ակցիզների և՛ սպեցիֆիկ , և՛ արժեքային դրույքաչափերը, ապա, բնականաբար, մենք տեղական արտադրողին դնում ենք ավելի շահեկան վիճակում»:
Ըստ Վախթանգ Միրումյանի. «Սա է ողջ գաղափարը»: