ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը կարող են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տոնի առթիվ ու որևէ մեկը դրա համար «կախաղան» չի բարձացնի նրանց:
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնում է 65 տարեկան: Անազատության մեջ գտնվող Քոչարյանին հասցրել են շնորհավորել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և նույնիսկ աշխարհահռչակ մարզիկ Արթուր Աբրահամը:
Իսկ ինչո՞ւ պետք է կամ կարող են Քոչարյանին շնորհավորել նաև Փաշինյանն ու Սարգսյանը: Հարցին պատասխանել թերևս կօգնի մեկ այլ հարցի պատասխանի բացակայությունը, իսկ ինչո՞ւ չշնորհավորել:
Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է, իր մասնակցությունն ունի Արցախյան ազատամարտում, նույնիսկ ասում են, որ նրա օրոք Հայաստանում զարգացում է եղել:
Կարող են լինել պնդումներ, թե Քոչարյանը հանցագործ է, մարդասպան, նույնիսկ՝ մարդակեր: Բայց այս ամենը դեռ պետք է ապացուցել, իսկ մինչ այդ նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի հերոս:
Կարող են լինել պնդումներ, թե դատարաններին վստահել պետք չէ: Եթե այդպես է, ինչո՞ւ ենք դատում Քոչարյանին, ինչի՞ն ենք սպասում, եկեք միանգամից գնդակահարենք նրան մարդակեր լինելու համար: Իսկ եթե սպասում ենք, հետևում դատավարությանը, ուրեմն նա դեռ արդար է:
Մնացականյան Արթուր