ՀԱԿ-ը մի քանի հարյուր բողոք է ներկայացրել դատախազություն, մի քանի տասնյակ բողոք` ոստիկանություն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին գրանցված խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ:
Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց ՀԱԿ փոփխնախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, բոլոր այն տեղամասերում, որտեղ իրենք ներկայացուցիչ են ունեցել և վստահ են, որ «ոչ»-ը հաղթել է, հանձնաժողովի անդամները վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել։
Նրա խոսքով` իշխանությունները ընտրությունները կեղծել են` օգտագործելով հին եւ նոր մեթոդներ:
ՀԱԿ փոխնախագահի ներկայացրած տվյալներով` բոլոր այն տեղամասերում, որտեղ «ոչ»-ը հաղթել է «ոչ» քվեարկողների թիվը մինչեւ չորս անգամ գերազանցել է «այո»-ների թվին:
Արամ Մանուկյանը վերջում հայտարարեց, որ իշխանությունները չեն մարսելու գողացած իշխանությունը:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթեթրիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող):