Իսրայելական 7kanal.co.il կայքը գրում է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների հարցում: Կայքը հիշեցնում է, որ Հայաստանն ընդհանուր սահման ունի Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ում ապրում է խոշոր հայկական համայնք:
Այսօր ՀՀ ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ, նշեց, որ նման տարբերակ դեռևս չի քննարկվել. «Մենք ցանկություն ունենք, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի: Մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք երկու կողմի հետ էլ, երկխոսությունը շարունակողի դերում, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ցանկացած տարբերակի պատրաստ ենք, որպեսզի օգնենք կողմերին»:
Հատկանշական է, որ հոդվածը լույս է տեսել «Հայաստանն ուզում է միջնորդ լինել Իրանի ու ԱՄՆ-ի միջև» վերնագրով:
